Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ելույթ ունենալով վերջերս Բաքվում անցկացված «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի նիստում, հայտարարել է Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագրերի մասին՝ Նախիջևանի տարածքով Թուրքիա և այնտեղից՝ Եվրոպա:
Իրականում այս հայտարարությունն ակնարկում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարը՝ իբրև արդեն իրականացվող նախագիծ։ Հատկանշական է, որ այն առավել քան տեղավորվում է օրերս կնքված ադրբեջանա-չինական ռազմավարական գործընկերության հայտարարության տրամաբանության մեջ: Վերջինս ենթադրում է բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծերի իրականացում Բաքվի ու Պեկինի միջև՝ «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով:
Նշենք նաև, որ 44-օրյայից ի վեր Ալիևը մեկ անգամ չէ, որ փորձել է «վաճառել», այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» նախագիծը Չինաստանին՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկան դիվերսիֆիկացնելու նպատակով:
Նման մոտեցումը (երրորդ երկրի հետ Հայաստանի ինքնիշխան տարածքում նախագծի իրականացման քննարկում՝ առանց հայկական կողմի ներգրավման) հերթական անգամ վկայում է Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական ագրեսիվ ռազմավարության մասին, ինչպես նաև բացահայտ կերպով անտեսում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Բնականաբար, սա նաև հայ արդի դիվանագիտության սնանկության ուղիղ արգասիք է:
Խոսքն այստեղ ոչ թե էներգետիկ համագործակցության, այլ ուժի և ճնշման գործիքներով սահմանների վերաձևման փորձի մասին է, ինչը լրջագույն սպառնալիք է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար։
Վահե Դավթյան